Մեկել օրը տաքսի էի նստել։ Ջահել հայ տղա էր վարորդը։ Ես մտքերի մեջ խորասուզված, բերանս փակ, նստած եմ, աչքս էլ համարյա կպցնում եմ։ Էս ջահելը մի 5 րոպե ինձ ա նայում հայելիով, ու բա թե
-Ձյաձ, ներող, ինչ երաժշտություն եք նախընտրու՞մ։
Հանկարծակի եկա։
-Եսիմ, ձեր ճաշակով մի բան դրեք։
-Իմ ճաշակո՞վ։
-Հա։
-Բա որ ձեր դուրը չգա։
-Էհ, չի գա - կանջատեք։
-Լավ։
Ես, ազնվորեն, «ձյաձից» հետո արդեն պատրաստվել էի լսեի «Աաաաախ, տեր աստված, խնդրԸմ եմ ինձ ներիր այս անգամ», որը ես միշտ լսում եմ, երբ որ ուղեղս սկսում է ներսից գանգս սեղմել, բայց...
Բայց հնչեց «Սուսերով պարը»։
Ապշեցի։
-Հարգելիս... Ինչու հենց սա՞:
-Մերը էս ա, ձյաձ։ Մերը ոչ ոռնոցն ա, ոչ էլ... Մերը ներդաշնակ ա ու պիտի հաղթական լինի։ Ես իմ երեխեքին ծնված օրվանից սա եմ լսացնելու։ Ու իմաստն եմ բացատրելու։ Մեզ էս եր պետք... Էս... Լացն ու ոռնոցը մերը չէր։ Կներեք։
-Ինչի համա՞ր։
-Դե եսիմ։
-Կռված ես քառասունչորսօրյաու՞մ։
-Ինչ իմացա՞ք։
-Բժիշկ եմ։
-Հա, ջոկեցիք, որ պրոտեզներով ե՞մ։ Բան չկա, բժիշկներից բացի, ոչ ոք չի ջոկում։ Վարժվել եմ, դաժե դանդաղ վազում եմ։
-Ո՞նց։ Ու՞ր ես վազում։ -Հանկարծակի եմ գալիս ես, որովհետեւ իրականում չէի հասկացել, որ տղայի երկու ոտքն էլ չկա, կռված լինելն ել կռահել էի ձայնից։ Հարցս, իհարկե, ծայրաստիճան հիմար է։
-Ո՞նց։ Թռվռալով, ձյաձ։ Ու՞ր։ Դեպի երրորդ ռաունդ։ Հաշիվը մեկ մեկ ա, հո սենց չպրծա՞վ։
-Այսի՞նքն։
-Իմ կռիվը դեռ չի պրծել, ձյաձ։ Ուրիշ ինչ երաժշտություն միացնե՞մ։
-Քո ճաշակով, ցավդ տանեմ։ Քո ճաշակով...
...Ազգ, կարո՞ղ ա մենք դեռ չենք վերջացել: Կարող ա սկսենք վազե՞լ։ Հա, հենց տենց, սկզբից դանդաղ, պրոտեզների վրա՞: Ի՞նչ ասեցիր, ազգ։
https://youtu.be/23dlmcr8I3M?si=uinoDv4hbBJ56pqG